Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երկրորդ աստիճանին է կանգնել 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը:

Մեկնարկում Աղաբեկյանը 7:2 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում 5:4 հաշվով հաղթանակ է տարել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) դրոշի ներքո հանդես եկող ըմբիշի նկատմամբ: Եզրափակչում նա ուժերն է չափել Ադրբեջանի նեկայացուցչի հետ և 0:4 հաշվով զիջել է մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով։

Հայաստանի թիմից բրոնզե մեդալներ են նվաճել 45 կգ քաշային Արեն Փիրուզյանը, 55 կգ քաշային Արմեն Պապիկյանը և 60 կգ քաշային Ռազմիկ Ոսկանյանը:

Արեն Փիրուզյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 1:8 հաշվով զիջել է UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Ումար Ռաբադանովին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արեն Փիրուզյանը 12:2 հաշվով վստահ առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ:

Արմեն Պապիկյանը որակավորման փուլում 12:0 հաշվով հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում 10:0 հաշվով առավելության է հասել գերմանացի ըմբիշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում լարված պայքարում 23:21 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Պապիկյանը 12:2 հաշվով հաղթանակ է տարել UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ըմբիշի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռազմիկ Ոսկանյանը ևս վճռորոշ գոտեմարտում առավելության է UWW-ի դրոշի ներքո հանդես եկող մրցակցի նկատմամբ՝ 6:4 հաշվով։ 1/8 եզրափակչում Ոսկանյանը 10:0 հաշվով հաղթել է Իսպանիայի ներկայացուցչին, սակայն քառորդ եզրափակչում զիջել է ադրբեջանցի մրցակցին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ էին նվաճել Սկոպյեում անցկացված Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել էր առաջին տեղը: