ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2025 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը:
Մրցույթի նպատակներն են`
- զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը,
- ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում,
- խթանել գիտատեխնիկական մշակումներ ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ:
Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք.
- կունենան կիրառական նշանակություն,
- ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
- ունեն հանրային մասնակցության բաղադրիչ:
Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝
- հայտերի ընդունում և նախնական ընտրված հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից,
- փորձագետների կողմից հայտերի փորձագիտական գնահատում՝ շնորհանդեսի միջոցով,
- մրցույթի արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր անվանակարգում հաղթող հայտատուների պարգևատրում։
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
- Բնական և ճշգրիտ գիտություններ (ֆիզիկամաթեմատիկական և քիմիական գիտություններ, գիտություններ երկրի մասին)
- Տեխնոլոգիաներ և նորարարություններ (տեխնիկական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և Ճարտարապետություն)
- Մարդասիրություն և սոցիալական գիտություններ (պատմական, բանասիրական, իրավաբանական, մանկավարժական, հոգեբանական և սոցիոլոգիական գիտություններ, արվեստագիտություն, տնտեսագիտություն)
- Կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ (բժշկական, դեղագործական, կենսաբանական և գյուղատնտեսական գիտություններ) *
- Ազգային անվտանգություն և ռազմական գիտություններ (կիբերանվտանգություն և տեղեկատվական պաշտպանություն, ռազմական գիտություններ և պաշտպանական տեխնոլոգիաներ, էներգետիկ և պարենային անվտանգության համակարգեր, ռազմաբժշկություն և արտակարգ իրավիճակների կառավարում) *
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել սույն թվականի հունիսի 3-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ, Youth@escs.am էլեկտրոնային հասցեին համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև անգլերեն կամ ռուսերեն՝ համաձայն ներկայացված ձևաչափի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 642 և 010 599 643 հեռախոսահամարներով:
Հայաստանի Հանրապետության 2025 թվականի
«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական
նախագծերի և գիտատեխնիկական մշակումների
համահայկական մրցույթի» մրցութային հանձնաժողով
* Կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ ոլորտը նպատակ ունի ապահովել բնական ռեսուրսների կայուն օգտագործում, շրջակա միջավայրի պաշտպանություն և հանրային առողջության բարելավում՝ տեխնոլոգիական նորարարությունների միջոցով։ Այն խթանում է վերականգնվող էներգիայի կիրառում, աղտոտման նվազեցում և շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցության նվազեցում։
Հիմնական ուղղություններն են՝ բժշկության մեջ էկոլոգիապես մաքուր ենթակառուցվածքների և թափոնների կայուն կառավարման զարգացումը, դեղագործության մեջ բնական հումքով և մաքուր արտադրությամբ բնապահպանական մոտեցումների ներդրումը, գյուղատնտեսության մեջ օրգանական, կլիմայակայուն և կենսաբազմազանությունը պահպանող մեթոդների կիրարկումը։
* «Ազգային անվտանգության և ռազմական գիտություններ» անվանակարգը ներառում է հետազոտություններ, որոնք միտված են պաշտպանունակության բարձրացմանը, անվտանգության համակարգերի կատարելագործմանը, ինչպես նաև ռազմական տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման զարգացմանը։ Հիմնական ուղղություններն են՝ ազգային անվտանգության ռազմավարություն (քաղաքացիական պաշտպանություն, կիբերանվտանգություն, էներգետիկ և պարենային անվտանգություն), ռազմական գիտություններ և տեխնոլոգիաներ (ԱԹՍ-ներ, պաշտպանական նորարարություններ, ռադիոէլեկտրոնային պայքար, ռազմական ԱԲ, մոդելավորում), ինչպես նաև ռազմաբժշկություն և արտակարգ իրավիճակների կառավարում (ռազմաբժշկական աջակցություն, աղետների կանխատեսում և կենսաքիմիական և ռադիոլոգիական պաշտպանություն)։